3.31.2013

Ինչպե՞ս վերականգնել առողջությունը հակաբիոտիկների օգտագործումից հետո


Հակաբիոտիկները ցուցված են թոքերի բորբոքման, օտիտի, թարախային գործընթացների կամ անգինայի դեպքում: Հակաբիոտիկները ճնշում են այն բացասական միջավայրը, որի դեմ անզոր են հակամարմիններն ու լեյկոցիտները:
Համարվում է, որ հակաբիոտիկների ընդունման պատճառով առաջանում է դիսբակտերիոզ և օրգանիզմի միկրոֆլորայի խանգարում: Սակայն դա այնքան էլ այդպես չէ: Հակաբիոտիկի՝ միջինում 5-7 օր տևող կուրսը այնքան լրջորեն չի ազդում մարդու օրգանիզմի վրա, որպեսզի միկրոֆլորայի շտկման համար լրացուցից դեղորայքի անհրաժեշտություն լինի:
Ավելին, կենսաբանական միջոցների ընդունումն անիմաստ է հակաբիոտիկների ընդունման հետ միաժամանակ: Հակաբիոտիկը վնասակար մանրէների հետ միասին ոչնչացնում է նաև կենսաբանական միջոցներում պարունակվող օգտակար բակտերիաները:
Բացի այդ, վնասակար մանրէների ոչնչացումից հետո օրգանիզմն արագորեն վերականգնվում է՝ առանց լրացուցիչ միջամտությունների:
Այս պատճառով պարզապես պետք է ընտրել ճիշտ հակաբիոտիկ և հետևել ընդունման ցուցումներին: Անհրաժեշտ է նաև հետևել սննդակարգին, քանի որ կաթնային և բուսական մթերքները ստեղծում են բարենպաստ միջավայր առողջության վերականգնման համար:
Հակաբիոտիկների ազդեցությունն օրգանների վրա
Շատերը կարծում են, որ հակաբիոտիկները բացասաբար են ազդում հեշտոցի միկրոֆլորայի վրա: Սակայն սա ոչ ճիշտ դիտարկում է, քանի որ հակաբիոտիկի ազդեցությունը հեշտոցի լորձաթաղանթի վրա այնքան էլ մեծ չէ:
Միկրոֆլորան միշտ է տատանվում, և դրա վրա ազդում են ոչ միայն հակաբիոտիկները, այլ նաև սեռական շփումները, նույնիսկ ինտիմ օճառի օգտագործումը: Եթե հակաբիոտիկները ճիշտ են օգտագործվում, ապա դրանք միկրոֆլորայի փոփոխությունների վրա չեն ազդում, իսկ առաջացած շեղումներն արագ վերականգնվում են:
Միկրոֆլորայի վերականգնում պահանջվում է երկարատև բուժման ժամանակ՝ օգտագործելով մոմիկների կամ դեղապատիճների տեսքով հակաբիոտիկներ, որոնք հեշտոցի ներսում ստեղծում են դեղամիջոցի մեծ խտություն, ինչպես նաև իմունիտետի անկում և անհարմարության զգացողութուն հեշտոցի շրջանում: Մնացած բոլոր դեպքերում միջամտության անհրաժեշտություն չի լինում:
Զգալիորեն չափազանցված է նաև հակաբիոտիկների ազդեցությունը լյարդի և երիկամների վրա: Առողջ լյարդն ունակ է չեզոքացնել դեղամիջոցի տոքսինները, այնպես որ նրա համար հակաբիոտիկների ընդունման մեկ կուրսը վտանգավոր չէ:
Իսկ առողջ երիկամները հակաբիոտիկների լուծվող տարբերակները դուրս են բերում մեզի միջոցով:
Ինչպե՞ս ճիշտ ընդունել հակաբիոտիկները
Նախ և առաջ հակաբիոտիկներով բուժման ժամանակ պետք է հետևել ոչ միայն բժշկի հրահանգներին, այլ նաև դեղամիջոցի ընդունման առանձնահատկություններին՝ օգտագործել ճաշից առաջ, հետո և այլն:
Միևնույն ժամանակ շատ կարևոր է ճիշտ սնվելը:
- Ձեր սննդակարգում պետք է լինեն "կենդանի" մանրէներ պարունակող թթու կաթնային մթերքներ,
- Բանջարեղեն և մրգեր, որոնք պարունակում են պեկտիններ և բջջանյութ
- Սպիտակուց (իմունային համակարգի կառուցվածքի հիմքը, որը մասնակցում է հակամարմինների արտադրմանն ու օգնում է լյարդին ոչնչացնել ախտածին մանրէների թույնը):
Խուսափե՛ք
- շաքարավազից, որպեսզի ախտածին միջավայրը լրացուցիչ սնունդ չստանա,
- Քիմիայից և ալերգեններից, որպեսզի չգրգռվեն աղիքի պատերը,
- Ալկոհոլից,
- Կոպիտ, գրգռող սնունդից,
- Ճարպոտ և տապակած ուտեստներից:
Օրգանիզմն իմաստուն համակարգ է, և հակաբիոտիկներով բուժումից հետո ինքնուրույն վերականգնվում է, եթե սնվելու ռեժիմը չի խախտվել:

3.21.2013

Հայաստանն առանց տուբերկուլոզի


Մարտի 22-ին Երևանի պետական բժշկական համալսարանի մոտից երիտասարդ բժիշկները «Հայաստանն առանց տուբերկուլոզի» ծրագրի շրջանակներում կմեկնեն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր, որտեղ գյուղական բնակչության շրջանում կանցկացնեն անվճար ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններ։ Հետազոտությունները կիրականացվեն մարտի 22-24-ը շարժական ֆլյուրոգրաֆիական կենտրոնների միջոցով։
Ծրագիրն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի հետ համատեղ։ Ծրագրի գործընկերներն են ՀՀ ՊՆ-ն, ՀՀ ԱՆ-ն, ՀՀ տուբդիսպանսերը, ՀՀ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը։
Բժշկական համալսարանի ուսանողները Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կկազմակերպեն նաև դասընթացներ` տուբերկուլոզ հիվանդության, նրա բուժման և կանխարգելման վերաբերյալ:
Ծրագրի նպատակն է բնակչության շրջանում ձևավորել հիվանդությունների սկրինինգի մշակույթը, նպաստել շնչառական համակարգի ախտերով հիվանդների առողջության բարելավմանը:
Հիշեցնենք, որ մարտի 24-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր։

3.02.2013

Գրիպը` համաճարակներ առաջացնելու հակում ունեցող սեզոնային վիրուսային վարակ


Ի՞նչ հիվանդություն է գրիպը։ Ոմանք շարունակում են թերագնահատել այս հիվանդության լրջությունն ու նենգությունը։ Եվ, չգիտակցելով կամ անտեսելով գրիպի հետևանքների վտանգավորությունը, հաճախ հիվանդությունը տանում են ոտքի վրա` առանց բժշկին դիմելու։ Գրիպը համաճարակներ առաջացնելու հակում ունեցող սեզոնային վիրուսային վարակ է: Համաճարակներն առաջանում են, երբ գրիպի վիրուսի նոր ենթատիպն ախտահարում է վերջինիս նկատմամբ ընկալունակ բնակչությանը: Այն կարող է պատճառ դառնալ աշխարհում բազմաթիվ համաճարակների միաժամանակյա առաջացմանը, ընդհուպ` պանդեմիաների (համավարակ), երբ վարակի թիրախ են դառնում միլիոնավոր մարդիկ, արձանագրվում են մահվան մեծաթիվ դեպքեր: Գրիպի պանդեմիաները հայտնի են արդեն մի քանի հարյուրամյակ: Անցյալ դարում պանդեմիաներ արձանագրվել են 1918թ. (H1N1 «Իսպանական գրիպ»), 1957թ. (H2N2 «Ասիական գրիպ»), 1968թ. (H3N2 «Հոնգկոնգյան գրիպ») և 2009թ. (H1N1 «Կալիֆորնիական գրիպ կամ խոզի գրիպ»):

Ի՞նչ է խոզի գրիպը

Ինչպես հայտնում է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը, խոզի գրիպը խոզերի շնչուղիների հիվանդություն է, որ հարուցվում է գրիպի Ա տիպի վիրուսով, որը խոզերի շրջանում պարբերաբար գրիպի բռնկումներ է առաջացնում: Գրիպի բոլոր վիրուսների նման, խոզի գրիպի վիրուսը մշտապես փոփոխվում է: Սովորաբար խոզի գրիպի վիրուսներով մարդիկ չեն վարակվում: Սակայն 2009թ. Մեքսիկայում տասնամյա երեխայի մոտ հայտնաբերվեց գրիպի մի ենթատեսակ, որը շատ նման էր խոզի գրիպի վիրուսին և մարդկությանը բացարձակապես հայտնի չէր: 2009թ. մարտին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարվեց գրիպի նոր ենթատեսակով հարուցված հիվանդության դեպքի մասին: Հետագայում գրիպի այդ նոր` Ա H1N1 ենթատեսակը կամ խոզի գրիպը սկսեց արագ տարածվել` սկզբում ամերիկյան, հետագայում` եվրոպական տարածաշրջանի երկրներում, որն էլ 2009թ. հունիսի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից գրիպի Ա /H1N1/ վիրուսային վարակի պանդեմիա հայտարարելու հիմք հանդիսացավ: Սակայն 2010 թվականի օգոստոսից ԱՀԿ-ի կողմից այն դասվել է մարդկային սեզոնային գրիպի հասարակ ենթատեսակների շարքին, քանի որ կորցրել է նախկին ագրեսիվությունը և պանդ եմիկ ներուժը:

Հանրապետությունում համաճարակային իրավիճակը

Ներկայումս հանրապետությունում նկատվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնային բարձրացում: Իրականացվող մշտադիտարկման արդյունքում հանրապետությունում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակների աճ` գրեթե 1,4 անգամ (2013թ. փետրվարի 11-17-ին` 3579, 18-24-ին` 5033 դեպք): Վերջինս պայմանավորված է ինչպես առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ բնակչության ակտիվ դիմելիությամբ, այնպես էլ գրիպի ու սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային օրինաչափությամբ։ Բնակչության ակտիվ դիմելիությունը նաև գրիպի հետագա բարդությունների առաջացման կանխարգելման կարևոր պայման է, որը նվազեցնում է ստացիոնար բուժհաստատությունների բեռը։

Սուր շնչառական վարակների և թոքաբորբերի առումով նաև շտապ օգնության կանչերի աճ է գրանցվել:

Հանրապետության մարզերի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպություններում ներկայումս բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 198, թոքաբորբերի թեթև ձևերով` 74 հիվանդ, իսկ Երևանում` սուր շնչառական վարակներով բուժվում է 161 հիվանդ, թոքաբորբի թեթև ձևերով` 143: Երևանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 20 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության` պայմանավորված ուղեկցող հիվանդություններով և ուշ դիմելիությամբ:
Փետրվարին հանրապետությունում կազմակերպվել և իրականացվել է լաբորատոր վիրուսաբանական 236 հետազոտություն, որից 75 նմուշում հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, իսկ 23-ում` Բ տեսակը: Մնացած նմուշներում գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել: Ա տեսակի H1N1 ենթատեսակը գրեթե 70% դեպքերում արձանագրվել է թեթև ընթացքով հիվանդների մոտ:

Լաբորատոր հետազոտություններն իրականացվել են ընտրողաբար` ինչպես ամբուլատոր (թեթև ընթացքով), այնպես էլ ստացիոնար (միջին ծանրությամբ) բուժում ստացող հիվանդների շրջանում։ Արդյունքները ցույց են տվել, որ ինչպես գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակ, այնպես էլ Բ տեսակ արձանագրվել է ինչպես թեթև, այնպես էլ միջին ծանրության հիվանդների շրջանում: Սա վկայում է այն մասին, որ բարդություններ կարող են առաջանալ գրիպի ցանկացած տեսակի, ցանկացած ենթատեսակի ժամանակ, հատկապես խոցելի անձանց շրջանում` քրոնիկ հիվանդություններ` սիրտ-թոքային անբավարարություն, երիկամային հիվանդություն, շաքարային դիաբետ, ասթմա, ինչպես նաև տարեցներ, երեխաներ, հղի կանայք:


ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող միջոցառումներ

Համաճարակային իրավիճակի բարդություններից խուսափելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով գրիպի սեզոնայնությունը և վերջինիս փոխանցման օդակաթիլային մեխանիզմը, ի սկզբանե ձեռնարկված բոլոր միջոցառումները շարունակվում են:
Հանրապետության բժշկական օգնության և սպասարկման բոլոր կազմակերպությունունները (պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ) ապահովված են հակավիրուսային պատրաստուկներով, որոնք բժշկի նշանակումով անվճար տրամադրվում են բնակչությանը։
Ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում ինչպես բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունուններում, շտապ օգնության կայաններում, այնպես էլ դպրոցներում, մանկապարտեզներում, որը հնարավորություն է ընձեռում իրավիճակի համաճարակաբանական լիարժեք վերլուծություն կատարել: Դպրոցներում, մանկապարտեզներում պարզաբանվում են երեխաների բացակայության պատճառները, սուր շնչառական վարակների դեպքում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Միաժամանակ բնակչության շրջանում իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում: - See more at: http://pharmacy.am/?inc=news&newsId=108&lng=am#sthash.uL4v0Q5M.dpuf