5.12.2013

Մայիսի 12-ին նշվում է բուժքույրերի միջազգային օրը

Ամեն տարի մայիսի 12-ին նշվում է բուժքույրերի միջազգային օրը (International Nurses Day): Այլ կերպ ասած, այդ օրը պետք է շնորհավորել և շնորհակալություն հայտնել ամենամարդասիրական մասնագիտություններից մեկի ներկայացուցիչներին:

Բուժքույրերի մասնագիտական տոնը նշվում է հայտնի անգլուհիներից մեկի՝ Ֆլորենս Նայտինգեյլի (Florence Nightingale) ծննդյան օրը, ով Ղրիմի պատերազմի ժամանակ (1853-1856) կազմակերպել է գթության քույրերի աշխարհում առաջին ծառայությունը:  

Հատկապես պատերազմական տարիներին է ձևավորվել այն համոզմունքը, որ բուժքույրն այն անձն է, ով ռազմի դաշտից դուրս է բերում վիրավորներին կամ կանգնում է վիրահատական սեղանի մոտ:

Չնայած տոնն արդեն ավելի քան հարյուր հիսուն տարեկան է՝ միայն 1974թ. հունվարին է  պաշտոնապես որոշվել այդ օրը նշել մայիսի 12-ին: 

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ բուժքույրեր:

5.11.2013

Դեղերի ոլորտում առկա լուրջ խնդիրների կարգավորման նպատակով ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը

2013 թվականին ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է համակարգում իրականացվող բարեփոխումների ծրագրերը։ Դեռ անցած տարեվերջին նախանշվել են գերակա մի շարք ուղղություններ։ Նախարարության առաջնահերթ խնդիրներից մեկը մնում է մարզերի առողջապահական համակարգի զարգացումը։

ՀՀ առողջապահության նախարարությունը հետևողական աշխատանքներ է տանում նաև համակարգին հատկացված միջոցներն առաջին հերթին որակյալ ծառայության ապահովման և բուժաշխատողների համարժեք վարձատրման, ինչպես նաև անվճար դեղերով բնակչության սպասարկման ուղղությամբ։ Նախարարությունը ձեռնամուխ է եղել հիվանդությունների վարման ուղեցույցների հայկական տարբերակի ստեղծմանը, որտեղ ներկայացված կլինեն ախտորոշման և բուժման գործընթացները` հիմնված ապացուցողական բժշկության վրա։

Ինչպես հայտնում է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը, դեղերի ոլորտում առկա լուրջ խնդիրների կարգավորման նպատակով ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը։

Նախարարությունը լուրջ ուսումնասիրություններ է իրականացնում բոլոր ոլորտներում։ ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիան, քննարկելով այդ հարցերը համապատասխան որոշումներով փորձում է փուլ առ փուլ լուծում տալ առկա խնդիրներին և բարելավել առանձին ծառայությունների վիճակը։

ՀՀ առողջապահության նախարարությունը ոլորտի զարգացման ու բարեփոխումների ծրագրերը կազմելիս առաջնորդվում է ՀՀ կառավարության ծրագրով և դրանցում ներառված գերակա խնդիրների կարևորությամբ։

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նշված բոլոր ծարգրերի և նոր նախագծերի մասին լրագրողներին հանգամանալից կտեղեկացնի ՀՀ կառավարության ծրագիրը Ազգային ժողովում հաստատվելուց հետո։