7.14.2013

Դեղագործությունը՝ հեռանկարային ոլորտ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեղագործությունը Հայաստանում ընդգրկված է արդյունաբերության քաղաքականության ռազմավարության ծրագրում որպես գերակա ուղղություն, այդ ոլորտին միտված գործողությունները կանոնակարգվում են ըստ վերջինից բխող հայեցակարգի։ 

Հիշեցնենք, որ ռազմավարությամբ շեշտադրված են տեղական արտադրանքի արտահանման ծավալների ընդլայնումը, գործող ընկերությունների համար բարենպաստ պայմանների ստեղծումը, վարկավորման սուբսիդավորումը եւ ձեռնարկությունների արտադրական ներուժի խթանումը։

«Պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման» 2013թ. ծրագրի շրջանակներում ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ ընտրված ոլորտների ընկերություններին կտրամադրվի շուրջ 463, 7 մլն դրամի պետական աջակցություն։ 

Այս գումարի շրջանակներում նախատեսվում է իրականացնել միջոցառումների շարք, որոնք, բացի վերը նշվածից, կօժանդակեն արտադրական գործունեության վարկավորմանը, միջազգային սերտիֆիկատների համաֆինանսավորմանը, օրինակ՝ դեղերի գրանցմանը եւ այլն, միջազգային ցուցահանդեսների մասնակցության ապահովմանը, գործարար կապերի հաստատմանը, վերապատրաստման դասընթացների մշակմանը եւ շուկայական տեղեկատվության ապահովմանը։ Արտահանմանն ուղղված արդյունաբերության զարգացման ռազմավարության ներքո արդեն մշակվել եւ հաստատվել է դեղագործության զարգացման պետական ծրագիրը։

Ոլորտի պատասխանատուներն ու ներկայացուցիչները երեկ առիթ ունեցան բարձրաձայնելու այն մասին, որ դեղագործությունը իսկապես մեր երկրի համար հեռանկարային ճյուղ է եւ ունի զարգացման բավական մեծ ներուժ։ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանի տեղեկացմամբ, իրականացվող պետական ծրագրերի շրջանակներում մեծ ձեռքբերում է համարվում միջազգային հանրահայտ կազմակերպությունների ներգրավումը մեր արտադրության ոլորտներում։ 

Դեղագործության ոլորտում պետության սուբսիդավորումը հնարավորություն է տալիս արտադրող ընկերություններին մատչելի պայմաններում վարկավորվելու՝ ընդլայնելով թե՛ գործունեությունը, թե՛ արտադրանքի ծավալները։ Ինչպես վստահեցրեց հիմնադրամի տնօրենը, այն ընկերությունների գործունեությունը, որոնք միտված են արտահանմանը, հիմնադրամի կողմից համաֆինանսավորվում են սերիտիֆիկատների ստացման առումով՝ կրելով ծախսերի մոտ 50 տոկոսը։ 

Արտահանումը խթանելու նպատակով Հայաստան են հրավիրվելու օտարերկրյա վաճառքի ցանցի ներկայացուցիչներ՝ գործարար կապերի հաստատման համար։ Այս ուղղությամբ միջոցառումներ են նախատեսվում, ինչի մասին հանդիպման բանախոսները կտեղեկացնեն առաջիկայում։ Հիմնադրամը աջակցում է ընկերություններին նաեւ միջազգային ցուցահանդեսների կազմակերպման առումով եւս՝ իրականացնելով նաեւ կրթական մասնագիտական վերապատրաստման ծրագրեր։ 

Դեղագործության ոլորտը մասնավորեցնելով, Հայկ Միրզոյանը նշեց, որ այս ուղղությամբ ակտիվ համագործակցություն է ընթանում պետական ու մասնավոր հատվածների միջեւ, ինչը հնարավորություն է տվել ոլորտում աճ արձանագրել թե դեղարտադրության, թե ծավալների ընդլայնման եւ թե արտահանման առումով։

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2012թ. հունվար—դեկտեմբեր ամիսներին 15 դեղարտադրող կազմակերպությունների կողմից թողարկվել է շուրջ 3,5 մլրդ դրամի արտադրանք, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 6,8 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում իրացման ծավալը կազմել է 4,1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 22,8 տոկոսով։ Աճել է նաեւ դեղերի արտահանման ցուցանիշը։ Ընդհանուր առմամբ իրացվել է 50,7 տոկոսի ապրանք, ինչը նախորդ տարվա տվյալների համեմատ աճել է 42,2 տոկոսով։ 

Դեպի այլ երկրներ արտահանումների մասնաբաժինը կազմել է 1,4 մլրդ դրամ, աճը՝ 76,2 տոկոս, իսկ դեպի ԱՊՀ երկրներ արտահանված ապրանքների ծավալը կազմել է 1,4 մլրդ դրամ, աճը՝ 30,6 տոկոս։ 
Ըստ այս տարվա առաջին եռամսյակային տվյալների, դեղագործության ոլորտում աճել են ե՛ւ արտադրանքը, ե՛ւ իրացման ծավալները։ Թողարկված արտադրանքը աճել է 29, 3 տոկոսով, իրացումը՝ 32,1 տոկոսով։ Արտահանումը կազմել է 963 մլն դրամ։ Դեպի ԱՊՀ երկրներ արտահանումն աճել է 26,1 տոկոսով, իսկ այլ երկրներ՝ 86 տոկոսով։

Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էին նաեւ առաջատար դեղագործական ընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր ունեին պետական–մասնավոր հատված համագործակցության իրենց լավագույն փորձը։
«Լիկվոր» առաջատար դեղագործական ընկերության տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանը նշեց, որ իրենք ապահովում են ոլորտի արտադրանքի շուրջ 37 եւ արտահանման ծավալների 36 տոկոսը։ Ընկերության ներկայացուցիչը հարկ համարեց հիշեցնել, որ Հայաստանում հնարավոր եղավ բոլորովին նոր հենքի վրա ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան դեղարտադրական ընկերություն, որն այսօր արտադրում է մոտ 60 տեսակ դեղորայք։

Կառավարության հետ համագործակցության արդյունքում, ինչպես նշեց ընկերության տնօրենը, վերջին երկու տարիների ընթացքում հնարավոր է եղել արտահանման աճ արձանագրել։ Միայն 2012 թ. աճը եղել է 42, 2 տոկոս, իսկ այս տարի մինչեւ մայիս արտահանումն աճել է 41 տոկոսով։ Նշենք, որ «Լիկվոր» դեղագործական ընկերությանը պետական աջակցություն տրամադրվել է երկու ուղղությամբ։ Առաջին աջակցությունը հատկացվել է 2009թ.՝ մոտ 900 մլն դրամ վարկավորմամբ, հակաճգնաժամային գործողությունների շրջանակներում, իսկ երկրորդ ուղղությունը՝ ներդրումային ծրագրի շրջանակներում, մասնավորապես ներմուծվող ապրանքների հաշվարկված ԱԱՀ—ի գումարների վճարման ժամկետի 3 տարի երկարաձգմամբ։ 

Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը կարողացել է ընդլայնել իր գործունեությունը, կառուցել 3200 քմ մակերեսով նոր մասնաշենք՝ հագեցած դեղագործական արտադրության ժամանակակից սարքավորումներով։ Գործարանի կառուցմանը եւ նոր սարքավորումների ձեռքբերմանն ուղղված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 4,5—5 մլն դոլար։ Ի դեպ, նոր գործարանի GMP ստանդարտներին համապատասխանեցումը այսօր թույլ է տալիս տեղական արտադրանքը արտահանել նոր շուկաներ եւ ավելացնել արտադրանքի ծավալները։

Ընկերության արտադրանքի մոտ 60 տոկոսը արտահանվում է Վրաստան, Ուզբեկստան, Մոլդովա, Բելառուս, Ղազախստան եւ այլ երկրներ։ Ընկերության տնօրենը նշեց, որ հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում օտարերկրյա դիստրիբյուտորների եւ բժիշկ մասնագետների այցը Հայաստան թույլ կտա նրանց ծանոթացնել մեր երկրի դեղարտադրության գործունեությանը, ինչը նոր գործարար կապերի հաստատման հնարավորություն կստեղծի։

Այս պահին ակտիվ աշխատանքներ են տարվում համապատասխան գերատեսչությունների հետ միջազգային սերտիֆիկացման գործընթացը ավարտին հասցնելու համար։ Հիմնադրամի կողմից համաֆինանսավորումը թույլ կտա իրատեսական դարձնել նաեւ դեղագործության ոլորտում այսչափ կարեւոր գործընթացը։ Հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում, ինչպես հավաստիացրեց ընկերության տնօրենը, իրենք կարողացել են իրենց արտադրանքի արտահանումն ավելացնել 25 տոկոսով։
«Վիտամաքս» կենսատեխնոլոգիաների գործարանը մարդու առողջությանն ուղղված իր վերականգնող եւ ամրապնդող միջոցների արտադրությամբ տարածաշրջանում միակն է։ Գործարանն արտադրում է մասնագիտացված չոր պրոբիոտիկ միջոցներ եւ մոտ 16 ապրանքատեսակ, որոնք նախատեսված են ե՛ւ տեղական, ե՛ւ միջազգային շուկաների համար։ Ընկերության գիտարտադրական գործունեությունը ուղղված է օրգանիզմի իմունային համակարգը ամրացնող նոր միջոցների ձեռքբերմանը։ 

Ներկայումս, ինչպես հավաստիացրեց ընկերության տնօրեն Էդուարդ Դիլանյանը, իրենց արտադրանքը լիովին համապատասխանում է միջազգային ժամանակակից GMP ստանդարտներին։ Խոսելով հիմնադրամի հետ համագործակցության արդյունքներից, նա փաստեց, որ իրենց ընկերությունը եւս ներառված է դեղարտադրության ոլորտի զարգացման ծրագրում, եւ արդեն իսկ, բացի արտադրական ծավալների աճից, ընդլայնվել է նաեւ արտահանման աշխարհագրությունը։ Ընկերությանը հաջողվել է տեղական արտադրանքը արտահանել նաեւ ԱՄՆ եւ Ճապոնիա, Ուկրաինա եւ Բելառուս, որոնք իրենց արտադրական չափանիշներով արդեն որոշակի կայացած ապրանքանիշ են ստեղծել միջազգային շուկայում։ 

Բացի դեղերի արտադրությունից, ընկերությունն այսօր աջակցում է նաեւ կաթնամթերք արտադրող ընկերություններին՝ չոր մերանների հումքով, որոնց կիրառումն օգտակար է եւ առողջարար։
Իսկ ՀՀ դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը նշեց, որ հիմնադրամի հետ համատեղ իրենք արդեն ունեն սահմանած գործողությունների հստակ ժամանակացույց, որոնցից մի քանի միջոցառումներ արդեն բավական բարեհաջող իրականացվել են։ 

Միության նախագահը հայտնեց իր գոհունակությունը կառավարության հետ համագործակցությունից։ «Հայաստանը միակ երկիրն է ԱՊՀ երկրների շարքում, որտեղ պետությունը իր բյուջեից գումարներ է հատկացնում դեղագործության արտադրական գործունեության զարգացման համար։ Պետությունը իսկապես տարատեսակ աջակցություն է ցուցաբերում ընկերություններին, որպեսզի վերջիններս կարողանան ընդլայնել արտահանումը եւ ավելացնել արտահանվող երկրների թիվը, քանի որ այսօր բացի ԱՊՀ երկրներից ընկերությունները կարողանում են իրենց արտադրանքը այլ երկրներ եւս արտահանել՝ մեծացնելով հայկական ապրանքատեսակների վարկանիշը»,–նշեց Սամվել Զաքարյանը՝ հավելելով, որ պետություն–մասնավոր հատված համագործակցությունը իսկապես կայանում է։

Մարդու գլխի փոխպատվաստումը հնարավոր է

Մարդու գլխի փոխպատվաստումը հնարավոր է՝ կիրառելով բժշկությունում արդեն լայն տարածում ունեցող մեթոդներ, պնդում է նյարդավիրաբույժ Սերջիո Կանավերոն:

Կանավերոն իր նախագիծը կոչել է «Գլխի անաստոմոզի փորձ» (Head Anastomosis Venture, կրճատ՝ HEAVEN), գրում է Independent-ը: Հայցը հրապարակվել է Surgical Neurology International ամսագրում:

Պարբերականը ներկայացնում է մանրամասները. Պետք է միաժամանակ կտրել երկու մարդկանց գլուխներ՝ օգտագործելով «գերսուր կտրող սարք»: Փոխպատվաստման համար նախատեսված գլուխը պետք է սառեցնել եւ լվանալ, հետո ամրացնել նոր մարմնին կամ պոլիմերային «սոսինձով», կամ էլ, այսպես կոչված, «էլեկտրաձուլման» միջոցով:

Կանավերոյի խոսքով՝ նախագիծը հիմնված է 70-ական թվականներին կապիկների գլուխների փոխպատվաստման էքսպերիմենտի վրա: Այն ժամանակ փոխպատվաստված գլխով կապիկն ապրել էր 8 օր:

7.13.2013

Մարդկությանը մահացու նոր վիրուս է սպառնում

Սաուդյան Արաբիայի Արևելքում թոքային նոր վիրուսի տարածում է գրանցվել: Վարակի շուրջ 800 դեպքերի մեծ մասը մահվան ելք են ունեցել, գրում է globalscience.ru-ն:
Ներկայումս բժիշկ-վարակաբանները զբաղված են թոքերն ախտահարող մահացու նոր վիրուսի՝ MERS-CoV-ի դեմ պայքարի ռազմավարության մշակմամբ: Փորձագետներն անհանգստանում են դեպի Արաբական թերակղզի զբոսաշրջիկների հոսքից, քանի որ վիրուսը մոլեգնում է Ռամադանի տոնի ընթացքում: Սաուդյան Արաբիայի հասարակական առողջության հարցերով փոխնախարար Զիադ Մեմիշը նախազգուշացրել է սուրբ քաղաք Մեքքա մեկնելու վտանգի մասին:
Բժիշկները ստիպված են լինում շատ հիվանդների արհեստական շնչառություն միացնել: Տասը տարի շարունակ վիրուսի այս տիպը մարդու առողջության համար անվտանգ էր համարվում, քանի որ միայն մրսածություն էր առաջացնում: Այդպես շարունակվեց այնքան ժամանակ, քանի դեռ 2002 թվականին չբռնկվեց վիրուսի համաճարակը:
Փորձագետները մինչ այժմ վիրուսի մասին լրիվ տեղեկատվության չեն տիրապետում:
Ներկայումս Սաուդյան Արաբիայի հիվանդանոցները զինվում են հիվանդասենյակներով, ուր կարանտինի ընթացքում կտեղավորեն վիրուսով հնարավոր վարակված հիվանդներին:


Pyura chilensis. բնության ևս մի ֆենոմեն՝ կենդանի քարեր, որոնք ուտելի են (լուսանկարներ, տեսանյութ)


Pyura chilensis կոչվող ծովային օրգանիզմներին կարելի է համարել բնության ուշագրավ ֆենոմեններից մեկը, քանի որ արտաքուստ չեն տարբերվում լողափին հաճախ հանդիպող քարերից, սակայն իրականում դրանք կենդանի արարածներ են, գրում է Oddity Central-ը։Այս տեսակը, սովորաբար, կոչում են կենդանի քար. իրականում դրանք ծովային օրգանիզմներ են, որոնք բնակվում են Չիլիի ու Պերուի քարքարոտ ծովափերին։ Նրանք սնվում են ծովի ջուրը ներքաշելով ու մի զույգ սիֆոնների միջոցով զտելով դրա մեջ եղած ուտելի ջրիմուռները։ Մասնագետները պարզել են, որ Pyura chilensis-ի արյունը 10 մլն անգամ ավելի շատ վանադիում է պարունակում, քան շրջապատող ծովի ջուրը։

Այլմոլորակային հիշեցնող օրգանիզմը ծնվում է արական սեռով, սակայն ժամանակի ընթացքում ձեռք է բերում նաև իգական սեռին բնորոշ օրգաններ։ Այն արձակում է և՛ ձվարաններ, և՛ սերմնահեղուկ, որոնք հանդիպում են ու տեղի է ունենում բեղմնավորումը։ Այնուհետև գոյանում են շերեփուկանման էակներ, որոնք հետագայում աճում ու վերածվում են հասուն Pyura chilensis-ի։

 Pyura chilensis –ը համարվում է համադամ կերակուր և սովորաբար մատուցվում է խաշած մսի ու ձկան հետ։ Տեղացիները դրա համը բնորոշում են մի քիչ կծու ու յոդի ուժեղ հոտով։

7.07.2013

Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային

1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովը որոշեց, որ ամեն տարի հունիսի 26-ին նշվի թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը։
Այս տարվա կարգախոսն է. «Թող քո նոր թմրամիջոցը դառնա առողջ ապրելակերպը»:
Առողջապահության նախարարությունը կոչ է անում հաստատուն կամք արտահայտել թմրամիջոցների օգտագործման, դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում, միաժամանակ վստահեցնում է, որ կշարունակի առավել հաստատակամությամբ զբաղվել թմրամոլության կանխարգելման, թմրամոլությամբ հիվանդ մարդկանց հասանելի և որակյալ բժշկական ծառայություններ տրամադրելու և թմրամոլության հասցրած վնասները նվազեցնելու գործով:
Ներկայումս ՀՀ առողջապահական համակարգի նարկոլոգիական ծառայության կողմից հաշվառված է 4332 թմրամոլ, այդ թվում կաննաբինոիդների օգտագործման կապակցությամբ 2480 հոգի, օպիոիդների օգտագործման կապակցությամբ 1850 հոգի և 85 թունամոլ: Նրանցից 55-ը թմրամոլ, իսկ 11-ը թունամոլ կանայք են: Հաշվառվածների գերակշիռ մասը 28-ից 49-ը տարեկան են:
2012 թվականին ստացիոնար բուժում են ստացել 214 թմրամոլ և 3 թունամոլ:
Հունիսի 1-ի դրությամբ մեթադոնային փոխարինող բուժում են ստանում 213 հոգի:

Ինչպես դիմակայել շոգին

Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.
 • խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում,
 • հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ,
 • օգտագործել սովորականից շատ հեղուկներ /օրական մոտ 3 լիտր/ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
Մասնավորապես խորհուրդ է տրվում օգտագործել`
• ջուր, որը լրացնում է հեղուկների պակասը, անցկացնում է հոգնածությունը և պայքարում ջրազրկման դեմ
• կաթնամթերք, մասնավորպես թան ու մածուն, դրանք պարունակում են սպիտակուցներ, աղեր և օրգանական թթուներ, որոնց շնորհիվ հրաշալիորեն հագեցնում են ծարավը,
 • օգտագործվող հեղուկները պետք է լինեն միջին (գոլ) կամ դրանից մի փոքր ավելի հովացրած` այդպես ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել,
 • չի կարելի չարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում,
 • ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապեղ մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,
 • հաճախակի լվացվել կամ ցնցուղ ընդունել, հետևել ձեռքերի հիգիենային, հատկապես սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ,
 • արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,
 • ամենօրյա աշխատանքները հնարավորինս կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից,
 • պետք է հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա,
 • այնտեղ, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան,
 • սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ հոսող ջրով լավ լվանալ, պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում, ընտրել թարմ, ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք,
 • խուսափել բացօթյա պայմաններում (մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում) պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքից, լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր օգտագործելուց:

Փոխանակային ծրագրերը ԵՊԲՀ-ում Դեղագեգ Ուսանողների համար

IPSF (Դեղագետ Ուսանողների Միջազգային Կազմակերպություն) եւ ArmPSA
(Հայաստանի Դեղագետ Ուսանողների Կազմեկերպություն) ներկայացնում է
դեղագետ ուսանողների փոխանակային ծրագիրը
Երեւանի պետական բժշկական համալսարանը եւ Հայաստանի Դեղագետ
Ուսանողների Կազմակերպությունը (ArmPSA) դեղագետ ուսանողներին ընձեռում են
հնարավորություն մասնակցելու փոխանակային ծրագրի, որի ընթացքում ուսանողը
հնարավորություն կստանա ամառային եւ ձմեռային պրակտիկան անցկացնել
տարբեր երկրներում հետեւյալ ասպարեզներով՝
• Հասարակական դեղատներում
• Հիվանդանոցային դեղատներում
• Համալսարանական դեղատներում
• Դեղամիջոցների գործարաններում
Ծրագիրն առաջարկվում է անգլերեն կամ համապատասխան երկրի լեզվով: Այն
կրում է միայն ուսանողական բնույթ: Ծրագրի ընթացքում ուսանողները չեն ստանում
աշխատավարձ կամ կրթաթոշակ: Ծրագրի ավարտին յուրաքանչյուր ուսանող
կստանա IPSF-ի միջազգային վկայական:
Դիմել կարող են դեղագիտական ֆակուլտետի բոլոր ուսանողները (ցանկալի է 2-րդ
կուրսից բարձր)
Դիմելու համար հարկավոր է այցելել http://SEP.ipsf.org ինտերնետային կայքը,
լրացնել անգլերեն լեզվով՝
• դիմում հարցաթերթիկ
• ինքնակենսագրություն
• մոտիվացիոն նամակ
• լուսանկար
Նույն կայքում կարող եք ստանալ մանրամասն տեղեկատվություն փոխանակման
պայմանների վերաբերյալ համապատասխան քաղաքներում և տարբեր ամիսներին:
Տեւողությունը՝ 1-2 ամիս

Վերջնաժամկետ՝ ս.թ. մարտի 1
Ընտրության չափանիշներ են՝
• տվյալ երկրի պետական լեզվի իմացություն
• մանակցություն ծրագրին առաջին անգամ
• ուսման բարձր առաջադիմություն
• անդամակցություն IPSF-ին

Ֆինանսական կողմ
Յուրաքանչյուր ուսանող պարտավոր է հոգալ ներքոհիշյալ ծախսերը.
• գրանցման անդամավճար
կեցության ծախսեր *
• երկկողմանի ինքնաթիռի տոմս
• ճանապարհորդական բժշկական ապահովագրություն
• համապատասխան երկրի մուտքի արտոնագիր (վիզա) և այլն
* Կեցության ծախսի չափը կախված է երկրից: