Ս/թ սեպտեմբերի 18-19-ին, ժամը 10:00-ին, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կկայանա ''Կաթվածի բուժումը 2013'' խորագրով միջազգային գիտաժողով, որը նվիրված է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներին:
Գիտաժողովի ընթացքում հատուկ մշակված ծրագրով դասախոսություններ կկարդան միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ ԱՄՆ-ից և Կանադայից:
Բացման խոսքով հանդես կգան ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Գիտաժողովի բացմանը ներկա կլինեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը, ''Սուրբ Գրիգոր Լուսավորիչ'' բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը, ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ''Էրեբունի'' բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանը:
Գիտաժողովի շնորհիվ ակնկալվում է բարձրացնել նյարդաբանների, նյարդավիրաբույժների, ռեանիմատոլոգների, ռադիոլոգների, շտապ օգնության և ընդհանուր պրակտիկայի բժիշկների տեղեկացվածությունը գլխուղեղի կաթվածների ժամանակակից բուժական մոտեցումների վերաբերյալ՝ դրանով իսկ նպաստելով այդ հիվանդների բուժման արդյունավետությանը:
Գիտաժողովի ավարտից հետո մասնակիցներին կտրվեն ՀՀ Առողջապահության նախարարության կողմից հաստատված սերտիֆիկատներ՝ համապատասխան կրեդիտներով:
Գիտաժողովը կազմակերպվում է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից Առողջապահության նախարարության, Հայ օգնության ֆոնդի և ՀԲՀՎ նյարդաբանների խմբի հետ համատեղ:
Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական
համալսարանի մամուլի պատասխանատու
Հասցե՝ Կորյունի 2,
Հեռ.՝ (060) 62 12 11
Էլ. փոստ՝ press@ysmu.am