7.13.2013

Pyura chilensis. բնության ևս մի ֆենոմեն՝ կենդանի քարեր, որոնք ուտելի են (լուսանկարներ, տեսանյութ)


Pyura chilensis կոչվող ծովային օրգանիզմներին կարելի է համարել բնության ուշագրավ ֆենոմեններից մեկը, քանի որ արտաքուստ չեն տարբերվում լողափին հաճախ հանդիպող քարերից, սակայն իրականում դրանք կենդանի արարածներ են, գրում է Oddity Central-ը։Այս տեսակը, սովորաբար, կոչում են կենդանի քար. իրականում դրանք ծովային օրգանիզմներ են, որոնք բնակվում են Չիլիի ու Պերուի քարքարոտ ծովափերին։ Նրանք սնվում են ծովի ջուրը ներքաշելով ու մի զույգ սիֆոնների միջոցով զտելով դրա մեջ եղած ուտելի ջրիմուռները։ Մասնագետները պարզել են, որ Pyura chilensis-ի արյունը 10 մլն անգամ ավելի շատ վանադիում է պարունակում, քան շրջապատող ծովի ջուրը։

Այլմոլորակային հիշեցնող օրգանիզմը ծնվում է արական սեռով, սակայն ժամանակի ընթացքում ձեռք է բերում նաև իգական սեռին բնորոշ օրգաններ։ Այն արձակում է և՛ ձվարաններ, և՛ սերմնահեղուկ, որոնք հանդիպում են ու տեղի է ունենում բեղմնավորումը։ Այնուհետև գոյանում են շերեփուկանման էակներ, որոնք հետագայում աճում ու վերածվում են հասուն Pyura chilensis-ի։

 Pyura chilensis –ը համարվում է համադամ կերակուր և սովորաբար մատուցվում է խաշած մսի ու ձկան հետ։ Տեղացիները դրա համը բնորոշում են մի քիչ կծու ու յոդի ուժեղ հոտով։

7.07.2013

Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային

1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովը որոշեց, որ ամեն տարի հունիսի 26-ին նշվի թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը։
Այս տարվա կարգախոսն է. «Թող քո նոր թմրամիջոցը դառնա առողջ ապրելակերպը»:
Առողջապահության նախարարությունը կոչ է անում հաստատուն կամք արտահայտել թմրամիջոցների օգտագործման, դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում, միաժամանակ վստահեցնում է, որ կշարունակի առավել հաստատակամությամբ զբաղվել թմրամոլության կանխարգելման, թմրամոլությամբ հիվանդ մարդկանց հասանելի և որակյալ բժշկական ծառայություններ տրամադրելու և թմրամոլության հասցրած վնասները նվազեցնելու գործով:
Ներկայումս ՀՀ առողջապահական համակարգի նարկոլոգիական ծառայության կողմից հաշվառված է 4332 թմրամոլ, այդ թվում կաննաբինոիդների օգտագործման կապակցությամբ 2480 հոգի, օպիոիդների օգտագործման կապակցությամբ 1850 հոգի և 85 թունամոլ: Նրանցից 55-ը թմրամոլ, իսկ 11-ը թունամոլ կանայք են: Հաշվառվածների գերակշիռ մասը 28-ից 49-ը տարեկան են:
2012 թվականին ստացիոնար բուժում են ստացել 214 թմրամոլ և 3 թունամոլ:
Հունիսի 1-ի դրությամբ մեթադոնային փոխարինող բուժում են ստանում 213 հոգի:

Ինչպես դիմակայել շոգին

Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.
 • խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում,
 • հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ,
 • օգտագործել սովորականից շատ հեղուկներ /օրական մոտ 3 լիտր/ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
Մասնավորապես խորհուրդ է տրվում օգտագործել`
• ջուր, որը լրացնում է հեղուկների պակասը, անցկացնում է հոգնածությունը և պայքարում ջրազրկման դեմ
• կաթնամթերք, մասնավորպես թան ու մածուն, դրանք պարունակում են սպիտակուցներ, աղեր և օրգանական թթուներ, որոնց շնորհիվ հրաշալիորեն հագեցնում են ծարավը,
 • օգտագործվող հեղուկները պետք է լինեն միջին (գոլ) կամ դրանից մի փոքր ավելի հովացրած` այդպես ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել,
 • չի կարելի չարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում,
 • ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապեղ մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,
 • հաճախակի լվացվել կամ ցնցուղ ընդունել, հետևել ձեռքերի հիգիենային, հատկապես սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ,
 • արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,
 • ամենօրյա աշխատանքները հնարավորինս կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից,
 • պետք է հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա,
 • այնտեղ, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան,
 • սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ հոսող ջրով լավ լվանալ, պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում, ընտրել թարմ, ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք,
 • խուսափել բացօթյա պայմաններում (մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում) պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքից, լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր օգտագործելուց:

Փոխանակային ծրագրերը ԵՊԲՀ-ում Դեղագեգ Ուսանողների համար

IPSF (Դեղագետ Ուսանողների Միջազգային Կազմակերպություն) եւ ArmPSA
(Հայաստանի Դեղագետ Ուսանողների Կազմեկերպություն) ներկայացնում է
դեղագետ ուսանողների փոխանակային ծրագիրը
Երեւանի պետական բժշկական համալսարանը եւ Հայաստանի Դեղագետ
Ուսանողների Կազմակերպությունը (ArmPSA) դեղագետ ուսանողներին ընձեռում են
հնարավորություն մասնակցելու փոխանակային ծրագրի, որի ընթացքում ուսանողը
հնարավորություն կստանա ամառային եւ ձմեռային պրակտիկան անցկացնել
տարբեր երկրներում հետեւյալ ասպարեզներով՝
• Հասարակական դեղատներում
• Հիվանդանոցային դեղատներում
• Համալսարանական դեղատներում
• Դեղամիջոցների գործարաններում
Ծրագիրն առաջարկվում է անգլերեն կամ համապատասխան երկրի լեզվով: Այն
կրում է միայն ուսանողական բնույթ: Ծրագրի ընթացքում ուսանողները չեն ստանում
աշխատավարձ կամ կրթաթոշակ: Ծրագրի ավարտին յուրաքանչյուր ուսանող
կստանա IPSF-ի միջազգային վկայական:
Դիմել կարող են դեղագիտական ֆակուլտետի բոլոր ուսանողները (ցանկալի է 2-րդ
կուրսից բարձր)
Դիմելու համար հարկավոր է այցելել http://SEP.ipsf.org ինտերնետային կայքը,
լրացնել անգլերեն լեզվով՝
• դիմում հարցաթերթիկ
• ինքնակենսագրություն
• մոտիվացիոն նամակ
• լուսանկար
Նույն կայքում կարող եք ստանալ մանրամասն տեղեկատվություն փոխանակման
պայմանների վերաբերյալ համապատասխան քաղաքներում և տարբեր ամիսներին:
Տեւողությունը՝ 1-2 ամիս

Վերջնաժամկետ՝ ս.թ. մարտի 1
Ընտրության չափանիշներ են՝
• տվյալ երկրի պետական լեզվի իմացություն
• մանակցություն ծրագրին առաջին անգամ
• ուսման բարձր առաջադիմություն
• անդամակցություն IPSF-ին

Ֆինանսական կողմ
Յուրաքանչյուր ուսանող պարտավոր է հոգալ ներքոհիշյալ ծախսերը.
• գրանցման անդամավճար
կեցության ծախսեր *
• երկկողմանի ինքնաթիռի տոմս
• ճանապարհորդական բժշկական ապահովագրություն
• համապատասխան երկրի մուտքի արտոնագիր (վիզա) և այլն
* Կեցության ծախսի չափը կախված է երկրից:

6.05.2013

Դադարեցվել է

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի N 347 որոշման 30-րդ կետի ա) ենթակետը և հաշվի առնելով  «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2013 թվականի հունիսի 3-ի  N 0105070213, ինչպես նաև Շվեյցարիայի «Դելտա Մեդիքլ Պրոմոուշնս» ընկերության, որը հանդիսանում է «Բրիստոլ-Մայերս Ֆրանսիա» ընկերության դեղերի պաշտոնական առաքողը ԱՊՀ երկրներում, գրությունները` ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հունիսի 4-ի թիվ 1539-Ա հրամանով դադարեցվել է «Բրիստոլ- Մայերս Ֆրանսիա» արտադրության «Ֆերվեքս երեխաների համար բանանի համով ներքին ընդունման լուծույթի դեղափոշի» M5126, M4847, M5340, M5341 և «Ֆերվեքս մեծահասակների համար կիտրոնի համով ներքին ընդունման լուծույթի դեղափոշի» M5633 խմբաքանակների շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

5.12.2013

Մայիսի 12-ին նշվում է բուժքույրերի միջազգային օրը

Ամեն տարի մայիսի 12-ին նշվում է բուժքույրերի միջազգային օրը (International Nurses Day): Այլ կերպ ասած, այդ օրը պետք է շնորհավորել և շնորհակալություն հայտնել ամենամարդասիրական մասնագիտություններից մեկի ներկայացուցիչներին:

Բուժքույրերի մասնագիտական տոնը նշվում է հայտնի անգլուհիներից մեկի՝ Ֆլորենս Նայտինգեյլի (Florence Nightingale) ծննդյան օրը, ով Ղրիմի պատերազմի ժամանակ (1853-1856) կազմակերպել է գթության քույրերի աշխարհում առաջին ծառայությունը:  

Հատկապես պատերազմական տարիներին է ձևավորվել այն համոզմունքը, որ բուժքույրն այն անձն է, ով ռազմի դաշտից դուրս է բերում վիրավորներին կամ կանգնում է վիրահատական սեղանի մոտ:

Չնայած տոնն արդեն ավելի քան հարյուր հիսուն տարեկան է՝ միայն 1974թ. հունվարին է  պաշտոնապես որոշվել այդ օրը նշել մայիսի 12-ին: 

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ բուժքույրեր:

5.11.2013

Դեղերի ոլորտում առկա լուրջ խնդիրների կարգավորման նպատակով ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը

2013 թվականին ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է համակարգում իրականացվող բարեփոխումների ծրագրերը։ Դեռ անցած տարեվերջին նախանշվել են գերակա մի շարք ուղղություններ։ Նախարարության առաջնահերթ խնդիրներից մեկը մնում է մարզերի առողջապահական համակարգի զարգացումը։

ՀՀ առողջապահության նախարարությունը հետևողական աշխատանքներ է տանում նաև համակարգին հատկացված միջոցներն առաջին հերթին որակյալ ծառայության ապահովման և բուժաշխատողների համարժեք վարձատրման, ինչպես նաև անվճար դեղերով բնակչության սպասարկման ուղղությամբ։ Նախարարությունը ձեռնամուխ է եղել հիվանդությունների վարման ուղեցույցների հայկական տարբերակի ստեղծմանը, որտեղ ներկայացված կլինեն ախտորոշման և բուժման գործընթացները` հիմնված ապացուցողական բժշկության վրա։

Ինչպես հայտնում է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը, դեղերի ոլորտում առկա լուրջ խնդիրների կարգավորման նպատակով ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը։

Նախարարությունը լուրջ ուսումնասիրություններ է իրականացնում բոլոր ոլորտներում։ ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիան, քննարկելով այդ հարցերը համապատասխան որոշումներով փորձում է փուլ առ փուլ լուծում տալ առկա խնդիրներին և բարելավել առանձին ծառայությունների վիճակը։

ՀՀ առողջապահության նախարարությունը ոլորտի զարգացման ու բարեփոխումների ծրագրերը կազմելիս առաջնորդվում է ՀՀ կառավարության ծրագրով և դրանցում ներառված գերակա խնդիրների կարևորությամբ։

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նշված բոլոր ծարգրերի և նոր նախագծերի մասին լրագրողներին հանգամանալից կտեղեկացնի ՀՀ կառավարության ծրագիրը Ազգային ժողովում հաստատվելուց հետո։